Իմ գնահատմամբ, Եվրոպական միության կողմից Հայաստան ուղարկվող քաղաքացիական առաքելության հիմնական նպատակը Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների խորացումն ու դրանց զարգացումն արձանագրելն է, և այլ ոչ թե ավելին։
Այս առաքելության գործառույթը պետք է լինի արտաքին միջամտության կանխարգելումը, սակայն ԵՄ-ի գործունեության վերջին տարիների տեսանկյունից տպավորություն է ստեղծվում, թե հենց ԵՄ-ն է զբաղված ազգային պետությունների ընտրություններին միջամտելով։ Այդ հանգամանքը հաշվի առնելով՝ ԵՄ-ի աջակցությունը «հիբրիդային սպառնալիքների» դեմ պայքարում անհեթեթություն է թվում։
Այսպես կոչված «հիբրիդային սպառնալիքների» մյուս բաղադրիչների դեպքում էլ իրավիճակը մոտավորապես նույնն է։ Օրինակ, քաղաքական գործընթացներով հետաքրքրված մարդիկ միշտ փորձում են դիտարկել տարբեր աղբյուրներ։ Ես հետևում եմ և՛ ռուսական, և՛ արևմտյան աղբյուրներին, և ամենուր առկա է թե՛ ապատեղեկատվություն, թե՛ քարոզչություն։ Սա նորմալ է, որովհետև յուրաքանչյուր պետություն պաշտպանում է իր շահերը։ Սակայն այս դեպքում հարց է առաջանում՝ ո՞ւմ ապատեղեկատվությունից և քարոզչությունից պետք է այդ առաքելությունը մեզ պաշտպանի։
Ինչ վերաբերում է կիբերհարձակումներից պաշտպանությանը, ես կասկածանքով եմ մոտենում այս հարցին։ 20-30 հոգանոց առաքելությունը կարող է արդյոք իրականում պաշտպանել Հայաստանը, որն առանց դրա էլ բավականին լուրջ ներուժ ունի կիբերսպառնալիքներին դիմակայելու համար։
«Ապօրինի ֆինանսավորման» հարցում էլ հարց է առաջանում՝ ինչ է ենթադրվում այդ ձևակերպման տակ։ Եթե խոսքն ընտրողների կաշառման մասին է, դա իրավապահ մարմինների աշխատանքն է։ Եթե խոսքն ավելի լայն իմաստի մասին է՝ ոչ կառավարական կառույցների ֆինանսավորման, ապա ի տարբերություն ԵՄ-ի, Ռուսաստանի կամ նույնիսկ Վրաստանի, Հայաստանում նույնիսկ դա հստակ սահմանող օրենք չկա։ Այդ դեպքում ինչի՞ց են մեզ պաշտպանելու։
Արդյունքում, իմ կարծիքով, առաքելության իրական նպատակը հանգում է քաղաքական բաղադրիչին։ Այդ առաքելությունը, ըստ էության, պետք է ուղղակի արձանագրի Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների խորացումն ու դրանց զարգացումը։ Դա, եթե չեմ սխալվում, նշված է նաև իշխող կուսակցության ծրագրում։
Ինչ վերաբերում է Հայաստանում ժողովրդավարությանն աջակցելուն, ես վստահ եմ, որ առաքելությունը դրա հետ որևէ առնչություն չի ունենա։ Ես վստահ եմ, որ «Եվրոպական միություն» և «ժողովրդավարություն» ձևակերպումները չի կարելի գործածել նույն նախադասության մեջ, որովհետև վերջին տարիներին ԵՄ-ն ավելի ու ավելի է հակվում ավտորիտար գործելաոճի, հատկապես Բրյուսելի մակարդակով։ Այս հակումը հստակ երևում է, օրինակ, Հունգարիայի, Մոլդովայի ընտրությունների դեպքերում, ինչպես նաև ԵՄ-ի լիակատար լռության դեպքում, ինչպիսիք են Մարին Լը Պենի դեպքը։